Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը Ղարաբաղում. մարտ, 1920թ.

30 ր.   |  2020-03-21



100 տարի առաջ՝ 1920թ. մարտին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հերթական լայնածավալ հարձակումն է սկսում Ղարաբաղի դեմ։ Չնայած համառ դիմադրությանը՝ ադրբեջանցիները կարողանում են որոշ շրջաններում հաջողություն ունենալ, որոնցից մեկն էլ Շուշին էր, որտեղ հայկական ջարդեր են սկսվում։

Ղարաբաղը գրավելու Ադրբեջանի փորձերին ակտիվորեն աջակցում էր Թուրքիան. 1920թ. փետրվարին Ղարաբաղ են գալիս թուրքական բարձրաստիճան զինվորականներ Նուրի փաշան և Խալիլ բեյը, իսկ բազմաթիվ սպաներ մարզում էին ադրբեջանական բանակը։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և Թուրքիայի դերակատարության մասին զրուցել ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանի հետ։

* * *

— 20-րդ դարի սկզբին՝ 1918-20թթ., Ադրբեջանը դրսևորել էր կոշտ հակահայկական քաղաքականություն, թեև սկզբնական շրջանում տպավորություն կար, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները կարողանան ունենալ քիչ թե շատ բարիդրացիական հարաբերություններ: Եթե փորձենք համառոտ ներկայացնել, ինչո՞վ էր պայմանավորված, ինչպե՞ս սկսվեց և ի՞նչ դրսևորումներ ունեցավ Ադրբեջանի կողմից հայերի հալածանքը և Հայաստանի վրա հարձակումները: 

— Նախ պետք է սկսենք նրանից, թե ինչպես ստեղծվեց Ադրբեջան կոչված պետությունը, որը արհեստածին պետական կազմավորում էր, որի ակունքներում կանգնած էր Թուրքական պետությունը։ Հենց թուրքերի խորհրդով ու հորդորով էր պետության անվանումը ընտրվել Ադրբեջան՝ հեռահար նպատակ ունենալով հետագայում տիրանալ նաև Իրանի հյուսիսային հատվածին՝ Ատրպատական պատմական տարածքին և դրանով իսկ անմիջական կապ ստեղծել թուրքական պետության հետ։ Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրությունում իշխանության գլուխ անցած երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրանի» ծրագիր էր փորձում կյանքի կոչել, ինչը բոլոր օղուզական ցեղերի միավորումն էր Մեծ Թուրան պետության մեջ։ Ահա այս կոնցեպտի մեջ տեղավորվում էր նաև Մեծ Ադրբեջան միկրոծրագիրը, որը պետք է ներառեր Այսրկովկասի զգալի, այդ թվում` հայերով բնակեցված հատվածները՝ Ղարաբաղը, Զանգեզուրը, անշուշտ նաև Նախիջևանը: Այսինքն՝ Մեծ Թուրան երևակակայական համաթյուրքական պետության ստեղծման առաջին քայլը հենց Մեծ Ադրբեջան միկրոծրագրի կենսագործումն էր: Եվ պատահական չէ, որ 1918թ.-ին, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում Առաջին աշխարհամարտում, տակավին չի հրաժարվում Մեծ Թուրան ստեղծելու գաղափարից և իրենց էմիսարներին գործուղում են Այսրկովկաս, որոնք մեծ ծավալի աշխատանք են կատարում։ Հիշատակեցիք Նուրի փաշային, որը Էնվեր փաշայի եղբայրն էր, հետագայում՝ արդեն 1920-ին, հենց Շուշիի կոտորածի նախօրյակին այստեղ հայտնվեց Հալիլ բեյը, որը Էնվեր փաշայի քեռին էր։ Այսինքն՝ այս գործիչների վրա էր դրված ծրագրի իրագործման պատասխանատվությունը, որովհետև ադրբեջանցիներին ուղղորդելու խնդիր կար, նաև գեներալ-նահանգապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովի՝ քրդական ծագում ունեցող այս գործչի գործողություններում, այնպես որ՝ ամեն ինչ ծրագրվում էր այս գաղափարների, այս երևակայական պետությունը ստեղծելու համար։ Պատահական չէ, որ նույն հայասպան գործելաոճը, որը մենք նկատում ենք երիտթուրքերի քաղաքականության մեջ, գրեթե նույնությամբ կրկնվում է Մուսավաթական Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանական գործողություներում՝ թե՛ Շուշիի, թե՛ Նուխու, թե՛ Արեշի հայ բնակչության, և թե՛ Ղարաբաղի, մասնավորապես՝ Շուշիի հայերի կոտորածների ընթացքում:

Երբեմն մենք փորձում ենք այս պատմական իրադարձությունները միմյանցից կտրված դիտարկել. Բաքվի կամ Շուշիի հայերի կոտորածները փորձում ենք դիտել որպես առանձին դրվագներ, ինչը թե՛ պատմական, թե՛ քաղաքական առումով ճիշտ չէ, որովհետև այս ցեղասպանական գործողությունները նույն հայաջինջ քաղաքականության հանցավոր շղթայի օղակներն են, և պատճառահետևանքային կապերով փոխկապակցված են։ Այս համատեքստում երբեմն փորձ է արվում հակադրել Արևելյան Հայաստանում նաև Այսրկովկասում հայերի կոտորածը Մեծ Եղեռնի հետ, և երբ խնդիր է առաջանում իրավա-քաղաքական գնահատական տալու այս ջարդերին, փորձում են ասել, որ, ո՛չ, դա չի կարող նույնականացվել կամ համեմատվել Մեծ եղեռնի հետ: Մինչդեռ, եթե մենք օբյեկտիվորեն ենք քննարկում և ուսումնասիրում պատմական իրադարձությունները, ակնհայտ է, որ այս ցեղասպանական գործողությունները Մեծ եղեռնի տրամաբանական շարունակությունն էին։ Սրանք պետք է դիտել որպես միևնույն համընդհանուր հայաջինջ քաղաքականության առանձին դրսրևորումներ, որոնք նույն քաղաքականության շղթայի առանձին օղակներ են:

— Նույնիսկ 1918թ.-ի վերջին, միջազգային հանրության շատ մեծ ճնշման տակ գտնվող պարտված Թուրքիան, այնուամենայնիվ, Անդրկովկասի ուղղությամբ շարունակում էր ռեսուրսներ գտնել և պայքարել իր նպատակներին հասնելու համար: Միաժամանակ, շատ հետաքրքիր է, որ նույն Ադրբեջանի կառավարությունները, որոնք 1918-20թթ. 3-4 անգամ փոխվեցին, անկախ իրենց ներքին տարաձայնություններից, շարունակում էին հայերի, հայկական հարցի, Ղարաբաղի և Զանգեզուրի հանդեպ ունենալ միևնույն, բացարձակ չտարբերվող դիրքորոշում։ Սա բավականին հետաքրքիր երևույթ է, և ես կուզենայի մի փոքր պարզաբանեիք. բացի պանթյուրքիստական նպատակներից, ինչո՞վ էր պայմանավորված Ղարաբաղի նկատմամբ այս հետևողական ու անզիջում դիրքորոշումը, որը կարողանում էին կանգնեցնել միայն հայկական զինված ուժերը:

— Իսկապես, Թուրքական պետությունը պարտվել էր Առաջին աշխարհամարտում, բայց դժբախտաբար հաղթանակած տերություններն այս պարտությունը տրամաբանական ավարտին հասցնելու քաղաքական կամք և վճռականություն չդրսևորեցին։ Եթե համեմատելու լինենք Երկրորդ աշխարհամարտից հետո նացիստական Գերմանիայի հակահիտլերյան կոալիցիայի անդամ պետությունների այդ վճռականությունը՝ մինչև վերջ արմատախիլ անել նացիզմը, այդ հակամարդկային քաղաքականությունը ու գաղափարախոսությունը, որը ընկած էր նաև մեկ այլ հանցագործության՝ Հոլոքոստի հիմքում, դժբախտաբար նույն դրսևորումները մենք չտեսանք Առաջին աշխարհամարտից հետո, որովհետև շահերի տարբերություն կար, հակասություններ կային Անտանտի տերությունների միջև։ Սա պարարտ հող ստեղծեց Թուրքական պետության համար, որպեսզի կարողանա խուսափել կապիտուլյացիայի ավելի կոշտ, ավելի դաժան պայմաններից և, ինչու չէ, նաև ռևանշի հասնել կրտսեր եղբոր՝ իր կողմից ստեղծված Ադրբեջան պետության միջոցով։ Ցեղասպանության հանցագործության որակման մասին ենք մենք խոսում. ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայում այս հանցագործությանը տրվում է հետևյալ սահմանումը. որևէ էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական խումբը, որպես այդպիսին, ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ որոշակի հանցավոր գործողությունն է։ 5 հիմնական հանցավոր գործողություններ կան, որոնք գրեթե բոլորը դիտարկվում են հայերի նկատմամբ իրագործված այդ հակահայկական քաղաքականության մեջ: Քանի դեռ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական Կովկասյան բանակը կանգնած էր թուրքական բանակի ճանապարհին, ամբողջությամբ հայ ժողովրդին բնաջնջելու մտադրությունը անիրականանալի էր: Երբ հեղափոխական ցնցումներից հետո Ռուսաստանն այնքան թուլացավ, որ զորքը դուրս բերվեց, և թուրքերի ձեռքերն ազատ արձակվեցին, անգամ պարտված վիճակում այլևս չկար այդ պատնեշը, որպեսզի այդ մասնակի ոչնչացումը թուրքերը փորձեն տարածել արևելահայության և Այսրկովկասում բնակվող հայության մյուս հատվածների վրա։ Անշուշտ, այս պարագայում իրենց բնական կենսական դաշնակիցը՝ նույն թյուրքախոս ժողովուրդը՝ կովկասյան թաթարները, ապագա ադրբեջանցիները, այս համաթուրքական գաղափարներում պետք է միասնական լինեին, որովհետև մեկ մեծ նպատակ էին իրականացնում, իսկ սեպը, որն առկա էր այդ համաթյուրքական ճանապարհին, անշուշտ հայությունն էր: Արևմտահայության մասով խնդիրը համարում էին լուծված, որովհետև Արևմտյան Հայաստանն արդեն իսկ դատարկված էր, բայց Առաջին հանրապետության առկայության պարագայում նաև մեր ազատագրական օջախ հանդիսացող Ղարաբաղը և դրա կենտրոն հանդիսացող Շուշին լուրջ խոչընդոտ էին այս ծրագիրն իրականացնելու ճանապարհին։ Անշուշտ՝ նաև Զանգեզուրը:

— Ղարաբաղի դեպքում մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա. 1920թ.-ի փետրվարի վերջին, մարտի սկզբին տեղի է ունենում Ղարաբաղի ազգային խորհրդի հերթական համագումարը, որը վերահաստատում է նախորդ տարի տեղի ունեցած համագումարի որոշումը և Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնությունը: Այդ համաձայնությունը բաղկացած էր 26 կետից, որոնցից մեկով Ղարաբաղը ժամանակավորապես ընդունում էր Ադրբեջանի իշխանությունը՝ մինչև Փարիզի կոնֆերանսում խնդրի լուծումը: Միաժամանակ, Ադրբեջանը պարտավորվում էր զորքերի տեղաշարժ չանել, չզինաթափել բնակչությանը և բազմաթիվ ուրիշ դրույթներ: Ղարաբաղը ինչ-որ ձևաչափով կայացած համաձայնություն ուներ Ադրբեջանի հետ, ինչը բացարձակ չխանգարեց Ադրբեջանին դարձյալ հարձակում գործելու՝ Ղարաբաղի բնակչությանը ճնշելու կամ ոչնչացնելու նպատակով: Որքանո՞վ է պայմանավորվածությունը կամ համաձայնությունը երկրամասի և կառավարության միջև պահպանվում:

— Շատ կարևոր և հետաքրքիր հարցադրում արեցիք: Նախ անդրադառնամ համաձայնագրին։ 1919թ.-ի օգոստոսի 22-ին ստորագրված համաձայնագիրը, որով Ղարաբաղի հայերը Շոշում գումարված 7-րդ համագումարում ստիպված եղան ընդունել այս պայմանը: Ինչո՞ւ եմ ասում՝ ստիպված եղան, որովհետև մինչ այդ գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովը, որին այդպես էլ չէին ընդունում Ղարաբաղի իշխանությունները, թնդանոթներն ուղղելով Շոշ գյուղի վրա, որտեղ գումարվել էր համագումարը, նաև ուղղելով Շուշիի հայկական թաղամասի վրա և վերջնագրով հանդես գալով, 48 ժամ էր տրվել, որպեսզի Բաքվում մշակված այդ 26 կետանոց համաձայնագիրը պարտադրվի։ Այսինքն՝ վիճակն օրհասական էր, և Հայաստանի առաջին հանրապետությունից ռազմական օգնության չստանալու պայմաններում Ղարաբաղի բնակչությունը մնացել էր դեմ հանդիման այս պահանջին։ Չմոռանանք, որ մինչև այս համաձայնագրի ստորագրումը, արդեն 1919թ. հունիսի 4-5-ին Շուշիում ջարդերի փուլն արդեն տեղի էր ունեցել, և շրջակա գյուղերում մոտ 1000 մարդ էր կոտորվել։ Ղարաբաղ էին բերվել նոր ստորաբաժանումներ՝ քրդերից ձևավորված համիդիե գնդերի օրինակով: Սա էլ է շատ հետաքրքիր. ինքը՝ Խոսրով բեկ Սուլթանովը, ծագումով քուրդ լինելով, իր եղբայրների՝ Ելդրիմի և Սուլթան բեկ Սուլթանովի գլխավորությամբ համիդիե գնդերի օրինակով ստեղծել էր քրդական չեթեներ՝ հեծյալ հրոսակախմբեր, որոնք մուտք էին գործել Ղարաբաղ։ Ըստ էության, պարզ հասկացնել էին տալիս, որ եթե համաձայնագիրը չստորագրվի, ջարդերը զանգվածաբար շարունակվելու են: Այս պայմաններում հարկադրված գնացին զիջման, բայց էլի պայմանագիրը ժամանակավոր էր։ Հետագայում մենք տեսնում ենք, որ հենց ադրբեջանական կողմը, հենց Խոսրով բեկ Սուլթանովը խախտում է այս պայմանը, և նոր պահանջ է առաջադրում։ Սա, իմիջայլոց, թուրքական պետությունների քրոնիկ հիվանդությունն է. նույն Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի հանրապետությունը, բոլոր այն պայմանագրերում, որոնք այս կամ այն չափով վերաբերում են Հայաստանին և հայերի իրավունքներին, անգամ ստորագրելով և վավերացնելով, խախտում էին:

Տեսեք, 1919թ. օգոստոսի 22-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո Բաքվից հատուկ նամակ են ուղարկում Խոսրով բեկ Սուլթանովին՝ շնորհավորելով մեծ հաջողությունը։ Ադրբեջանական պետության առջև իր կատարած ծառայությունների համար նրան առաջարկում են ներքին գործերի նախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվում է և ասում՝ շատ բարձր գնահատելով և երախտապարտ լինելով առաջարկի համար, ես կարծում եմ, որ իմ տեղը Ղարաբաղում է, որովհետև մենք պետք է զարգացնենք հաջողությունը դեպի Զանգեզուր և հասնենք նրան, որ Զանգեզուրը նույնպես ընդունի Ադրբեջանի իշխանությունը:

— Դուք ասացիք Սուլթանովի նամակի մասին։ Մի հետաքրքիր բան էլ կա. բազմաթիվ հուշերում գրում են, որ օգոստոսի 22-ի համաձայնագրի ընդունումը Սուլթանովի համար ժամանակավոր էր, և նրանք մտածում էին, որ սա առաջին քայլն է, որոշ ժամանակ հետո կունենան ավելի մեծ հնարավորություն և կշարունակեն, ինչը մենք տեսնում ենք արդեն 1920թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ Ղարաբաղում կենտրոնացվում է 10 հազար զինվոր, որոնք էլ հետագայում հարձակվում են Ղարաբաղի վրա։ Միջազգային բազմաթիվ ռազմական կցորդներ և ներկայացուցիչներ ակտիվորեն ներգրավված էին հայ-ադրբեջական այս հակամարտության մեջ: Հետաքրքիր կլինի իմանալ, թե Շուշիի ջարդերը, ընդհանրապես՝ 1920թ. Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ինչպե՞ս են ընկալվում, ի՞նչ արձագանքներ են լինում:

— Նույն կրավորական գործելաոճը մենք նկատեցինք Ղարաբաղի պարագայում, ինչը դրսևորվեց Խոսրով բեկ Սուլթանովի նշանակման ժամանակ, երբ 1919թ. հունվարի 15-ին անգլիացիների համաձայնությամբ նա նշանակվեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ։ Իհարկե, մեծ ընդվզում եղավ։ Ղարաբաղի ազգային խորհուրդը դեմ էր այս անձնավորության նշանակմանը, որովհետև նրանք բազմաթիվ փաստեր ունեին, որ դեռևս 1918թ.-ին՝ Բաքվի հայերի ջարդերի նախօրյակին, Խոսրով բեկ Սուլթանովն արդեն իսկ աչքի էր ընկել հակահայկական գործունեությամբ, որովհետև նա ստեղծել էր թաթարներից բաղկացած հրոսակախմբեր, որոնք Նուրի փաշայի զորքերի կազմում հարձակվում էին Բաքվի վրա, և քաղաքը գրավելուց հետո ակտիվորեն մասնակցեցին Բաքվի հայերի ջարդերին: Այս փաստերը ներկայացվել է, օրինակ, անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնին, և նշվում էր, որ այս հանգամանքերից ելնելով, մենք վերապահություն ունենք Սուլթանովի գեներալ-նահանգապետ լինելու հարցում: Գիտե՞ք ինչ հետաքրքիր պատասխան է տրվում. Թոմսոնը հայ ներկայացուցիչների հետ զրույցում նշում է, որ «մենք էլ ենք տեղյակ, որ Խոսրով բեկ Սուլթանովը պանիսլամիստ է, որ թուրքական կուսակցության նախկին իշխանության գլուխ եկած երիտթուրքերի հետ սերտ առնչությունների մեջ էր, որ թուրքակայի գործակալ է», այսինքն՝ նրանք քաջատեղյակ էին այս ամենից: Այդուհանդերձ ասում է, որ «մենք կարծում ենք, որ չնայած այդ բոլոր հանգամանքներին մեր զինվորական հրամանատարությունը կվերահսկի Սուլթանովի գործունեությունը, և նրա փորձառությունը կօգտագործենք, որպեսզի Ղարաբաղում կարգուկանոն սահմանվի, զարգացում լինի և այլն»: Եվ փաստերը ցույց տվեցին, որ մտավախություններն ամբողջությամբ հաստատվեցին։ Մի դրվագ կա, որ 1919 թ.-ի հունիսի առաջին ջարդերից հետ Շուշիի զորքերի հրամանատար գնդապետ Քլոտենբերգը, փաստերն ի մի բերելով, զեկուցագիր է ուղարկում Թոմսոնին և հրամանատարությանը՝ պահանջելով, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Սուլթանովին, որ նա այսքան հանցանք է գործել, պետք է պաշտոնանկ արվի, և քրեական պատասխանատվության ենթարկվի: Ժամանակավոր հեռացնում են, բայց օգոստոսի 12-ին, երբ ամերիկյան միսիան հեռանում է Շուշիից, իսկ մեկ օր անց նաև անգլիական զորքերն են դուրս բերվում, Սուլթանովը վերադառնում և զբաղեցնում է իր նախկին պաշտոնը: Այս անհետևողականությունը, այս կրավորական պահվածքը, գուցե նաև Բաքվի նավթով չափից դուրս տարված լինելու հանգամանքը, ավելի բարձր գնահատվեց, քան տարածաշրջանում անվտանգության պահպանումը։ Այս գործելաոճում մենք տեսնում ենք անգլիացների անուղղակի աջակցությունը, երբեմն նաև աչք փակելը կամ մատների արանքով նայելը Խոսրով բեկ Սուլթանովի արարքներին, ինչը շատ ծանր նստեց հայ ժողովրդի վրա։ Երկու անգամ՝ 1919թ. հունիսին և 1920թ. մարտին մենք տեսնում ենք, որ ցեղասպանական գործողություններ, էթնիկ զտման քաղաքականությունն էր վարվում՝ վերջնական նպատական ունենալով կոտրել, ջարդել մեր ազգային-ազատագրական պայքարի այս օջախները՝ և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը։

— Շուշիի իրադարձությունները որևէ իրավական գնահատական միջազգային հանրության կողմից ստացե՞լ է, թե ոչ:

— Ինչպես արդեն նշեցի անգլիական զորքերի կողմից միակ առաջարկը գնդապետ Քլոտենբերգի առաջարկն էր, որը կյանքի չկոչվեց։ Ինչ վերաբերվում է մյուս կառույցներին, ապա զբաղված էին այլ խնդիրներով՝ աշխարհի նոր վերաբաշխմամբ, վերսալ-վաշինգտոնյան համակարգ ստեղծելու գերխնդիրներով: Հաղթանակած տերությունները, բնականաբար, այս հարցի շուրջ քննարկելու կամ դրան հատկապես իրավական գնահատական տալու հարցում այդքան էլ ակտիվություն չցուցաբերեցին։ Ասեմ, որ Հայաստանի Առաջին հանրապետությունն իր քաղաքական հայտարարություններում, նաև Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված զեկուցագրերում բազմիցս անդրադարձել է հարցին և փորձել է ուշադրություն հրավիրել Ղարաբաղի հայերի կոտորածների, Շուշիի ջարդերի վրա՝ նշելով նաև, որ այդ համաձայնագիրը պարտադրված է Ղարաբաղի ժողովրդին։ Չնայած հուշագրերին, ներկայացվող փաստերին՝ սա փոքր դրվագ էր մեծ տերությունների աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղերում և գործընթացներում։ Դժբախտաբար իրավական գնահատական այդպես էլ չստացան ինչպես Բաքվի հայերի ջարդերը 1918թ.-ի սեպտեմբերին, այնպես էլ Շուշիի հայ բնակչության կրկնակի կոտորածները՝ 1919թ. հունիսին և 1920թ.-ի մարտին։ Երբ մենք ասում ենք Հայոց ցեղասպանություն և փորձում իրավական ու պատմական փաստարկներ և իրավական նորմեր բերել, դա ապացուցելու կամ դրա իրավական գնահատական տալու համար, ուրեմն սրա մեջ մենք պետք է դիտարկենք Բաքվի, Նուխիի, Արեշի, Գանձակի, նաև Ղարաբաղի և Շուշիի հայերի կոտորածներ։

Մենք տեսնում ենք, որ կարծես թե Ադրբեջանի քաղաքականությունը 20-րդ դարի սկզբում և հիմա էական փոփոխություն չի կրել: Մոտեցումը, խնդրի լուծման ուժային տարեբերակը միշտ նրանց համար եղել է գերադասելի: 

— Դժբախտաբար, իրավացի եք, և այս նույն ցեղասպանական գործողությունների և ցեղասպանության միջոցով խնդիրները լուծելու գործելաոճը մենք տեսնում ենք նաև նորանկախ Ադրբեջանի գործունեության մեջ, նաև՝ իրավանախորդը համարվող Խորհրդային Ադրբեջանի, որովհետև այդ հանցավոր քաղաքականությունը սկսվեց 1988թ. փետրվարյան դեպքերով՝ Սումգայիթյան ջարդերով, որը նույն քաղաքականության տրամաբանության մեջ է: Սումգայիթից հետո Կիրովաբադ, հետո՝ 1990թ. հունվարին՝ Բաքու, 1992-ին՝ Մարաղա: Սա վկայում է, որ Ադրբեջանը, որպես պետություն, չի փոխվել։ Անկախ նրանից, թե իշխանությունների առումով ինչ գունավորում կունենա, համաթուրքականության և հակահայկականության հստակ ուղղությունը միշտ բոլոր վարչակարգերի մոտ ամուր նստած է:


Նմանատիպները